Էդուարդ Աբրահամյան

Էդուարդ Աբրահամյանը «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ է։ 2024 թվականից համագործակցում է հիմնադրամի հետ՝ համապարփակ անվտանգության թեմայով հետազոտություններում։ Նա միջազգային հարաբերությունների դոկտոր է, պատմական գիտությունների թեկնածու։

«Արար» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված համապարփակ անվտանգության թեմայով հետազոտության համահեղինակ է։ Հետազոտության արդյունքներն ամփոփվել են «Համապարփակ անվտանգություն․ Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գրքում, որը 2025 թվականին NewMag հրատարակչությունը հրատարակել է «Արար» հիմնադրամի հովանավորությամբ։

Ներկայումս Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) միջազգային հարաբերությունների դասախոս է, ինչպես նաև Լոնդոնի Թագավորական քոլեջի (King’s College London) Gulbenkian Postdoctoral Fellow, «Կապակցելիություն և Կոնֆլիկտներ» միջազգային միջդասակարգային աշխատանքային խմբի և «Պատերազմող փոքր պետությունների անվտանգային և ռազմական ռազմավարություններ» հետազոտական խմբի անդամ է։ 2022 թվականից մինչ օրս Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի (ISA) ավագ գիտաշխատող է։ Հանդիսանում է Բարձրագույն կրթության բրիտանական ակադեմիայի ասոցացված անդամ (AFHEA).

2019-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնականի պաշտոնը։ 2017-2019 թվականներին եղել է Դոնալդ Ռամսֆելդի կրթական ծրագրի շահառու, ինչպես նաև Ամերիկյան արտաքին հարաբերությունների խորհրդի Կովկաս-Կենտրոնական Ասիայի ինստիտուտի այցելու գիտաշխատող և հոդվածագիր։

2025 թվականին Routledge բրիտանա-ամերիկյան հեղինակավոր հրատարակչությունը հրատարակել է նրա «Small States, Russia and the West» («Փոքր պետությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև») անգլերեն մենագրությունը։

Գիտական և մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է միջազգային հարաբերությունների տեսություններն ու դրանց ոչ արևմտյան կոնցեպտուալիզացիան ու մեկնաբանությունը, բևեռականությունը, աշխարհաքաղաքականությունը, տարածաշրջայնացումն ու աշխարհակարգերի ձևավորումը, ռազմավարական հետազոտությունները, փոքր պետությունների արտաքին ու անվտանգային քաղաքականությունները, ինչպես նաև ուժային մրցակցությունը, պարտադրումն ու ասիմետրիան միջազգային քաղաքականության մեջ։