Մեր գործունեությունը

«Արար» հիմնադրամի գործունեության մոդելը հետևյալն է․ նախևառաջ ելնելով հիմնադրամի տեսլականի, ռեսուրսների և ազդեցության արդյունավետության հնարավորություններից, դիտարկվում են հայկական պետականության և հայ հասարակության առջև ծառացած մարտահրավերներն ու սահմանվում են թիրախային ոլորտներն ու առանցքային հիմնախնդիրները։ Այնուհետև, ներգրավելով առաջատար լավագույն փորձը կատարվում է համապարփակ հետազոտություն հիմնախնդիրը խորությամբ ուսումնասիրելու և բարելավման հեռանկարները ուրվագծելու համար։ Հիմնվելով հետազոտությունից բխող համակարգային առաջարկությունների և երաշխավորված գործողությունների վրա՝ հիմնադրամը մշակում և իրականացնում է փորձարարական ծրագրեր, որոնց հաջողության դեպքում շահառու խմբերի և կառույցների հետ համագործակցությամբ իրականացվում է ծրագրի ինստիտուցիոնալ ներդնելու գործընթացը։

Պրոֆեսիոնալ հետազոտություններ

«Արար» հիմնադրամը 2023 թվականից իրականացնում է եռամսյակային սոցիոլոգիական հետազոտություններ, ինչի նպատակն է անընդհատ ուշադրության կենտրոնում պահել հանրային կարծիքը ուսումնասիրությունը։ Հետազոտությունները թույլ են տալիս հասկանալ, թե որոնք են հասարակությանն անհանգստացնող հիմնախնդիրները, ինչ կարծիք ունեն մարդիկ երկրում կատարվող տարատեսակ գործընթացների վերաբերյալ։

Հետազոտությունները հիմնականում վերաբերում են հետևյալ հիմնախնդիրներին՝ պետական ու հասարակական կառույցներից գոհունակություն, ներառյալ Զինված ուժեր, Հայ առաքելական եկեղեցի, Ազգային ժողով, Կառավարություն և Ոստիկանություն, երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը, Հայաստանի կարևորագույն հիմնախնդիրներ, Արցախ վերադարձ, խաղաղության վերաբերյալ ընկալումներ և այլն։

Սոցիոլոգիական հարցումներից զատ, «Արար» հիմնադրամն իրականացնում է ոլորտային հետազոտություններ՝ համագործակցելով նաև այլ կազմակերպությունների հետ։ 2025 թվականին, համագործակցելով «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» հետ, «Արար» հիմնադրամն իրականացրեց «Պատերազմի հոգեբանական հետեւանքները եւ վերականգնման լուծումներ» թեմայով հետազոտության վերլուծություն։

Համապարփակ անվտանգություն

Վերջին տարիներին «Արար» հիմնադրամը հետազոտություններ է իրականացնում համապարփակ անվտանգության ոլորտում։ 2024 թվականին հայտարարվեց հետազոտության մրցույթ, որում հաղթեցին քաղաքագետ Գևորգ Մելիքյանը և միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը։

Մեկ տարի իրականացրած հետազոտության արդյունքում հրատարակվեց նրանց հեղինակած գիրքը՝ «Համապարփակ անվտանգություն․ Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում»։ Հեղինակները վերլուծել են Հայաստանի անվտանգային մոդելների հիմնական թերություններն ու խոցելի կողմերը։ Նրանք արձանագրել են, որ եղած անվտանգային ճարտարապետությունը ձախողել է իր հիմնական առաքելությունը՝ պետության ռազմավարական շահերի պաշտպանությունը։

Այսօր էլ «Արար» հիմնադրամը շարունակում է ոլորտային հետազոտությունը՝ ուսումնասիրելով համապարփակ անվտանգության մի շարք առանցքային բաղադրիչներ։

Ռազմամարզական կառույցների հետ աշխատանք

Կարևորելով քաղաքացիների պատրաստվածությունը և նրանց դերը հայրենիքի պաշտպանության գործում՝ «Արար» հիմնադրամն աշխատում է Հայաստանում գործող ռազմամարզական կառույցների հետ։ 2024 թվականին «Արարը» համագործակցության հուշագիր կնքեց «Ազատազէն» կրթական ՀԿ-ի, «Արշակունի» ՌՄՀԿ-ի և ԶԱՐԿ-ի հետ։

«Ազատազէն» կրթական ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում, «Արար» հիմնադրամը ֆինանսավորել է «Թվանք» ռազմախանութի ստեղծումը։
Ավելի քան 4 տարվա համագործակցության ընթացքում «Արար» հիմնադրամն աջակցել է «Արշակունի» ՌՄՀԿ-ին տարատեսակ հարցերում՝ բուն ենթակառուցվածքների ստեղծումից մինչև կառավարման հմտությունների զարգացում և այլն։
Վերջին տարիներին «Արար» հիմնադրամը համագործակցել է նաև ԶԱՐԿ կրթական ծրագրի հետ՝ աջակցելով ԶԱՐԿ-ի ավանային ճամբարի ենթակառուցվածքների բարելավմանը։

Ռազմարդյունաբերություն

2014-ից մինչ օրս «Արար» հիմնադրամը ներգրավված է Հայաստանի ռազմարդյունաբերական, տեխնոլոգիական, նորարարական ոլորտների աշխատանքներում։ Հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները՝ կատարվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակային չէ։

Իրականացված ծրագրեր

Մոբիլիզացիոն ծրագիր Տավուշում

2015 թվականին «Արար» հիմնադրամը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում զորահավաքային նախագիծ է ձեռնարկել։ Նախագծի նպատակն է եղել արդիականացնել սահմանանամերձ բնակավայրերի տղամարդկանց մարտական կարողությունները, ինչպես նաև զգոն և պատրաստ դարձնել նրանց՝ սահմանին առաջացած լարվածության դեպքում օժանդակելու Հայոց բանակին: Ելնելով փորձարարական նախագծի հաջողությունից՝ այն ընդլայնվել է՝ ներառելով Տավուշի սահմանամերձ բոլոր բնակավայրերը, և ընդգրկվել է պետական ծրագրի մեջ: Պահեստազորային ներուժի կոնսոլիդացման և արդիականացման այս մոդելը լիովին արդարացվել է 2016 թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ, երբ զորահավաքներ անցած կամավորները անմիջական աջակցություն են ցույց տվել բանակին: Այս ծրագրի շրջանակներում, «Արար» հիմնադրամը, համագործակցելով տեղական իշխանությունների հետ, Տավուշի գյուղերից մեկում հիմնել է նաև ռազմական հմտությունների վերապատրաստում անցած կանանց զորամիավորում։

Զինվորական կրթության խթանում

Համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ` «Արար» հիմնադրամը ռազմական ուսումնական հաստատություններում տարաբնույթ աշխատանքներ է իրականացրել՝ աջակցելով կիրթ, բանիմաց, ժամանակակից տեխնիկական և մարտավարական միջոցներին տիրապետող ՀՀ բանակի կազմի համալրմանը: Մասնավորապես, հիմնադրամի աջակցությամբ վերանայվել և վերամշակվել են Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հումանիտար բլոկի կրթական ծրագրերը, համալսարանը ստացել է նոր ուսումնական տեխնիկա, պատրաստվել է համալսարանի հիմնական մասնաշենքի վերակառուցման ճարտարապետա-կոնստրուկտորական նախագիծը։ Այս ամենից զատ, հիմնադրամն իրականացրել է սպայական մասնագիտության գրավչության բարձրացման համալիր ծրագրի մշակում։

Աջակցություն սահմանապահներին

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանը զգալիորեն երկարեց։ Արդյունքում, ՀՀ Զինված ուժերը պաշտպանություն էին իրականացնում շուրջ 500 կմ երկարությամբ սահմանագծի ողջ երկայնքով։ Նոր առաջնագծի մեծ մասը լեռնային էր, և պաշտպանական ենթակառուցվածքները պետք է կառուցվեին զրոյից: Մեր զինվորների առաջնային կարիքը սենդվիչ պանելներից պատրաստված ապաստարաններն էին, որտեղ նրանք կարող էին քնել՝ պաշտպանվելով անձրևից և ձյունից։ Այդ ապաստարանների մի քանի խմբաքանակ ուղարկվեց սահման: Զուգահեռաբար, հիմնադրամը շարունակում էր աշխատել ՀՀ Զինված Ուժերի հետ՝ աջակցելով և բավարարելով նոր տեղափոխված զորքերի այլ հրատապ կարիքները:

Ներդրում գինեգործության ոլորտում

«Արար» հիմնադրամը ծրագրեր է իրականացրել նաև գյուղատնտեսության ոլորտում։ «Արար» հիմնադրամի հոգաբարձուների ջանքերով և աջակցությամբ, բիզնեսի և պետության միջև արդյունավետ համագործակցության ձեւավորման միջոցով առաջնահերթություն է տրվել գինեգործությանը, որի արդյունքում ոլորտը թռիչքային աճ է գրանցել և հայկական գինիները միջազգային շուկայում մինչ օրս պահպանում են իրենց հեղինակավոր դիրքը։