Արթուր Ալավերդյանը «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Նա ինժեներ-ֆիզիկոս է, կառավարիչ, գործարար, բարերար, ձեռնարկատեր, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներդրող:
Ավարտել է Մոսկվայի Ազգային հետազոտությունների միջուկային համալսարանը (MEPhI)՝ զուգահեռաբար սովորելով Ֆրանսիայի «Էկոլ Պոլիտեկնիկ» (École Polytechnique) և Ռոտերդամի «Էրազմուս» համալսարաններում։ Ստացել է նաև ռազմավարական կառավարման ExMBA (բիզնեսի կառավարման գործադիր մագիստրոսի) աստիճանի որակավորում:
Արթուր Ալավերդյանը ավելի քան երեք տասնամյակ է՝ բարեհաջող բիզնես գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։ Նա EurAsEC շուկայի առաջատար PH ընկերության հիմնադիրն ու նախագահն է, NAPPAN ընկերակցության հիմնադիրը, նախկին նախագահն ու խորհրդի անդամ, PU Europe պոլիուրեթանային մեկուսացման արդյունաբերության ընկերակցության (Բրյուսել) կառավարման հանձնաժողովի նախկին անդամ։
Արթուր Ալավերդյանը նաև Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող «Սոլարոն» (Solaron) ընկերության հիմնադիրն է։ Նա Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիրն է և հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահը։ Արթուր Ալավերդյանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի և «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների նախկին անդամ է, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համահիմնադիր, ինչպես նաև «Հայ մշակութային և գիտական ընկերակցության» գործադիր խորհրդի անդամ։