Արցախի անվտանգությանն աջակցության ծրագրերի շրջանակում «Արար» հիմնադրամի ներկայացուցիչները այցելեցին Արցախ, առաջնագծի տարբեր հատվածներում ուսումնասիրեցին իրականացված և նախատեսվող աշխատանքները։
«Արար» հիմնադրամի փորձագետների ջանքերով, Արցախի անվտանգության ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ մշակվել և արդիականացվել են անվտանգային մի քանի նախագծեր, որոնց զգալի մասը գաղտնիությամբ պայմանավորված չենք կարող հանրայնացնել։
Մենք խիստ առաջնահերթ ենք համարում Արցախի անվտանգության համակարգի բարելավումն ու գործուն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ։
Մեր գործունեությունը կրկնակի բարդ է քանզի 44-օրյա պատերազմի ողբերգական մարդկային կորուստների ու համատարած ցավի պայմաններում պետք է վերականգնել ռազմատեխնիկական կորուստներն ու զուգահեռաբար արդիականացնել համակարգը՝ դիմագրավելով նոր մարտահրավերներին։ Աղետալի պատերազմից անցել է ընդամենը մեկուկես տարի, սակայն որոշակիորեն թուլացել է մեր զգոնությունը, ուստի պետք է ուշադրության և հոգատարության կենտրոնում պահենք Արցախն ու Արցախահայությանը։ Հորդորում ենք հաճախակի այցելել Արցախ և համոզվել, որ չնայած նույնիսկ ամենօրյա ֆիզիկական անվտանգության սպառնալիքներին, Արցախցին շարունակում է ապրել, արարել և պայքարել հանուն իր հայրենի հողի։
Մենք պարտավոր ենք հնարավորության սահմաններում աջակցել Արցախահայության ազատ և անվտանգ ապրելու իրավունքի ապահովմանը։