«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ գործադիր տնօրեն է նշանակվել Արմեն Խաչիկյանը։ Նույն որոշմամբ ավելի քան 5 տարի պաշտոնավարած Ջորջ Տաբակյանը ազատվել է գործադիր տնօրենի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու պատճառով։
«Արար» հիմնադրամի նպատակն է նորարար մոտեցումների և ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով, համագործակցային լայն շրջանակի օժանդակությամբ, մշակել և իրագործել իրատեսական լուծումներ, որոնք կօգնեն զարգացնել Հայաստանի անվտանգային, սոցիալական և տնտեսական համակարգերը։
«Արար» հիմնադրամը առանցքային գործունեություն է ծավալում ռազմարդյունաբերության զարգացման, պաշտպանական համակարգի բարելավման և տեխնոլոգիական առաջխաղացման ուղղությամբ։
Ջորջ Տաբակյանը նշանակվել էր 2016թ.-ին ապրիլյան պատերազմից հետո և հսկայական ներդրում է ունեցել հիմնադրամի գործունեության զարգացման և առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։ Ջորջ Տաբակյանը ծնվելով Լիբանանում 2011 թվականին մշտական բնակություն է հաստատել Հայաստան, համահիմնադրել «Վերադարձ Հայաստան» հիմնադրամն ու «Սահման» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև հայրենանվեր առաքելություն կատարել 2020թ. պատերազմի ընթացքում։
Արմեն Խաչիկյանը եղել է ՀՀ ՊՆ «Դիտակետ» հետազոտական ծրագրի ղեկավարը, դասավանդում է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում և Բրյուսովի անվան պետական համալսարանում, հանդիսացել է «Գալաքսի» ընկերությունների խմբի ԿՍՊ և գործընկերության ղեկավարը։
«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը խորին շնորհակալություն է հայտնում պարոն Տաբակյանին` կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում նորանշանակ տնօրենին։