Խաչատուր Գասպարյանն «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ է։ Ավելի քան տասը տարի համագործակցում է հիմնադրամի հետ` ներգրավված լինելով հատկապես զինվորական հոգեբանների կրթական ծրագրերում։ Խ․ Գասպարյանը ունի դոցենտի գիտական կոչում, հոգեբանական գիտությունների թեկնածու Է։
Խաչատուր Գասպարյանը հոգեկան առողջության ոլորտում ունի ավելի քան 30 տարվա փորձ։ Մասնագիտացել է տրավմայի հոգեբանության և միջսերնդային փոխանցման ոլորտում։ Կարևորում է հոգեկան առողջության մասնագետների հաջորդ սերնդի պատրաստման առաքելությունը։
2019 թվականից սկսած Խաչատուր Գասպարյանը Սեդա Ղազարյանի անվան Հոգեկան առողջության հիմնադրամի տնօրենն է։ 2009-2019 թվականներին եղել է «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն գլխավոր հոգեբան և կլինիկական տնօրեն։
2007 թվականին ԵՊԲՀ-ում հիմնադրել է բժշկական հոգեբանության ամբիոնը և մինչև 2025 թվականը ղեկավարել այն։ Մինչ օրս դասավանդում է ԵՊԲՀ-ում, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես հրավիրյալ դասախոս։ Նա նաև Հայկական հոգեբուժական ասոցացիայի պատասխանատու քարտուղարն է։
Սովորել է Մ․Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում՝ ստանալով մագիտրոսի և հոգեբանական գիտությունների թեկնածուի աստիճան։ ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում հետդոկտորական հետազոտական ուսումնառություն է անցկացրել հոգեբուժական համաճարակաբանության ոլորտում։ Եղել է Օքսֆորդի համալսարանի Փախստականների ուսումնասիրությունների ծրագրի հրավիրված հետազոտող։
70-ից ավելի գիտական հոդվածների և միջազգային կոնֆերանսներում ներկայացված զեկույցների հեղինակ է՝ նվիրված հոգետրավմատոլոգիային, ցեղասպանության տրավմային («Կոմիտասի սինդրոմ») և պատերազմի և երկրաշարժի հոգեբանական հետևանքներին: Հայերենով առաջին բժշկական հոգեբանության դասագրքի հեղինակն է (1995թ․)։
Հեղինակել է տասնյակ գրքեր, որոնք հրատարկվել են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Խաչատուր Գասպարյանի ներկայիս ակադեմիական հետաքրքրություններն ընդգրկում են հոգեբանական տրավմայի միջսերնդային փոխանցումը, հետտրավմային աճը, մասնագիտական հանրության նոր սերունդների կրթությունը, ինչպես նաև Հայաստանում հոգեկան առողջության ծառայությունների զարգացումը։