Հայաստանի անվտանգային համակարգը վերջին տարիներին ենթարկվել է մի շարք ծանր հարվածների։ 2020 թվականի պատերազմը, դրան հաջորդած ռազմական ու անվտանգային ճգնաժամերը, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները և Արցախի կորուստը ոչ միայն էապես փոխել են Հայաստանի շուրջ ռազմաքաղաքական միջավայրը, այլև ի ցույց են դրել երկրի անվտանգային և պաշտպանական համակարգի խորքային ու համակարգային խնդիրները։
Ստեղծված իրավիճակը չի կարող դիտարկվել միայն որպես մեկ պատերազմի կամ մեկանգամյա ռազմական պարտության հետևանք։ Այն տևական ժամանակ կուտակված ռազմավարական, մտածելակերպային, ինստիտուցիոնալ, կազմակերպչական և հայեցակարգային խնդիրների դրսևորում է։ Հետևաբար, Հայաստանի անվտանգության վերականգնումը պահանջում է ոչ միայն առանձին կարողությունների զարգացում կամ սպառազինությունների համալրում, այլև անվտանգային մտածողության և համակարգային մոտեցումների ու փիլիսոփայության խորքային և ֆունդամենտալ վերանայում։
Այս հրամայականից ելնելով՝ «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը մեկնարկում է նոր՝ հետազոտակիրառական նախագիծ, որի կենտրոնում Հայաստանի Հանրապետության համապարփակ անվտանգության ռազմական և ռազմաստրատեգիական բաղադրիչն է։
Նախագծի նպատակն է ուսումնասիրել և նախագծել Հայաստանի առանձնահատուկ աշխարհագրական, ժողովրդագրական, ռազմաքաղաքական, ռեսուրսային պայմաններին ու նորարարական ներուժին համապատասխանող անվտանգային և պաշտպանական համակարգ՝ հիմնված ոչ դասական ռազմավարական ակտիվ զսպման, համակարգային դիմադրունակության և ժամանակակից տեխնոլոգիական պատերազմավարման վրա։
Հետազոտության առանցքային հարցերից մեկն է լինելու՝ ինչպե՞ս կարող է սահմանափակ տարածքային և ռեսուրսային հնարավորություններ ունեցող պետությունը կառուցել այնպիսի պաշտպանական համակարգ, որը հակառակորդին կզրկի արագ, մատչելի և կանխատեսելի ռազմական հաղթանակի հասնելու հնարավորությունից։
Այս նպատակով նախագծի շրջանակներում կմշակվի «Հայկական Խորքային Զսպման Համակարգ» հայեցակարգը, որը համապարփակ անվտանգության և պաշտպանության մեկ միասնական համակարգում նախատեսում է համադրել երեք փոխկապակցված ուղղություն՝ Խորքային ռազմավարությունը, ՀՀ Զինված ուժերի վարքագծային և համակարգային կերպարանափոխումը և Վիրտուալ ռազմավարական խորության ձևավորումը։
Հետազոտության նպատակը հերթական անվտանգային հայեցակարգի կամ սպառազինությունների ցանկի մշակումը չէ։ Այն միտված է Հայաստանի պայմաններին համապատասխանող ամբողջական ռազմաստրատեգիական ճարտարապետության նախագծմանը, որտեղ ռազմական կարողությունները, կառավարման համակարգը, տեխնոլոգիաները, պաշտպանական արտադրությունը, հասարակական դիմադրունակությունը և ռազմավարական մտածողությունը դիտարկվում են որպես մեկ փոխկապակցված համակարգ։
«Հայկական Խորքային Զսպման Համակարգը» հանրային և հաղորդակցական հարթությունում կարող է ներկայացվել նաև «Սրընչակի հայկական ռազմավարություն» անվանմամբ՝ որպես սահմանափակ աշխարհագրական խորության պայմաններում ուժային ներուժ-գործոնը մեծացնելու միջոցով պետության հարատևումն ու , դիմադրողունակությունն ապահովող, ինչպես նաև ասիմետրիկ լուծումների միջոցով իր հանդեպ ուժային գերակայությունը կանխող և երկարաժամկետ զսպման սեփական՝ հայկական մոդելի խորհրդանշական բնորոշում։
Հետազոտությունը ղեկավարելու է միջազգային հարաբերությունների դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը: Նա Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) միջազգային հարաբերությունների դասախոս է, ինչպես նաև Լոնդոնի Թագավորական քոլեջի (King’s College London) հետդոկտորական ծրագրի գիտաշխատող «Կապակցելիություն և Կոնֆլիկտներ» միջազգային միջդասակարգային աշխատանքային խմբի և «Պատերազմող փոքր պետությունների անվտանգային ռազմավարություններ» հետազոտական խմբի անդամ։
«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը, ավելի քան մեկ տասնամյակ գործունեություն ծավալելով անվտանգության ոլորտում, քաջածանոթ է Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին։ Վերջին տարիներին հիմնադրամի գործունեության առաջնային ուղղություններից է դարձել համապարփակ անվտանգության հայեցակարգը՝ այն համոզմամբ, որ պետության պաշտպանունակությունը չի կարող սահմանափակվել միայն զինված ուժերով։ Անվտանգությունը պետության, հասարակության, ինստիտուտների, տնտեսության, գիտելիքի, տեխնոլոգիայի և քաղաքացու փոխկապակցված պատասխանատվության արդյունք է։
«Արար» հիմնադրամը պատրաստակամ է ներգրավվել Հայաստանի անվտանգության ապագային վերաբերող հանրային և մասնագիտական քննարկումներում։ Հիմնադրամի ղեկավար կազմն ու փորձագետները պատրաստ են ներկայացնել հետազոտության ընթացքը, մասնագիտական վերլուծություններ և փորձագիտական գնահատականներ՝ նպաստելով հանրային իրազեկվածության բարձրացմանը և Հայաստանի անվտանգության շուրջ առավել խորքային, գիտելիքահեն ու բովանդակային օրակարգի ձևավորմանը։