Փետրվարի 17-21-ը Աբու Դաբիում կայացած «IDEX 2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին մասնակցեցին «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արթուր Ալավերդյանը, Իգոր Զարգարյանը, Ավետիք Չալաբյանը, գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը և մի շարք գործընկերներ։

Հիմնադրամի ներկայացուցիչները մանրամասն ուսումնասիրեցին սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից միտումները, ինչպես նաև ծանոթացան ռազմարդյունաբերության նորագույն լուծումներին։ Ցուցահանդեսի շրջանակներում նրանք մի շարք հանդիպումներ ունեցան ռազմարդյունաբերական ոլորտի միջազգային ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները։

Հոգաբարձուների խորհրդի անդամ Իգոր Զարգարյանը նշեց, – «IDEX 2025-ը բացառիկ հնարավորություն էր հասկանալու, թե ինչպես են զարգանում ժամանակակից սպառազինության և պաշտպանական համակարգերը, ինչն էլ մեզ հնարավորություն կտա վերագնահատել հայկական բանակի սպառազինության և ռազմարդյունաբերության հեռանկարները»։ Արթուր Ալավերդյանը հավելեց, – «Այսօր ռազմարդյունաբերության զարգացումը պահանջում է նորարարական մոտեցում և տեխնոլոգիական առաջընթացի հետ համընթաց քայլելու վճռականություն։ Հայաստանում պետք է ձևավորենք մրցունակ պաշտպանական տեխնոլոգիաների էկոհամակարգ»։ Ավետիք Չալաբյանն ընդգծեց, – «Մենք ականատես եղանք նորագույն ռազմական տեխնոլոգիաների առաջընթացին և հնարավորություն ունեցանք քննարկել համագործակցության հեռանկարները առաջատար ընկերությունների հետ։ Հայաստանը պետք է ռազմարդյունաբերական ոլորտում ոչ միայն սպառող լինի, այլև ակտիվ դեր խաղա որպես տեխնոլոգիական լուծումներ մշակող երկիր»։ 

Ամփոփելով այցի արդյունքները՝ «Արար» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը ընդգծեց ռազմարդյունաբերության համաշխարհային զարգացման ուղղությունների վերլուծության, ապագայի սպառազինության հեռանկարների գնահատման և հայկական բանակի հնարավորինս համապատասխանեցման կարևորությունը ժամանակակից տեխնոլոգիական միտումներին։  «Արար» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը՝ նպաստելով Հայաստանի ռազմարդյունաբերության և համապարփակ անվտանգության համակարգի զարգացմանը։