Այսօր՝ նոյեմբերի 11-ին, «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց հանրային-քաղաքական մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։

««ԱՐԱՐ» հիմնադրամն ամեն եռամսյակ իրականացնում է քանակական սոցիոլոգիական հետազոտություն՝ պարզելու հանրային տրամադրությունները հանրային մի շարք խնդիրների վերաբերյալ։ Այս անգամ հետազոտության մեջ ներառել ենք վերջին շրջանում ակտիվ քննարկվող թեմաների վերաբերյալ հարցեր՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրական նպատակների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության, Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության և այլ թեմաներ», – բացման խոսքում ասաց Արմեն Խաչիկյանը։ Հետազոտությունն անցկացվել է հոկտեմբերի 5-25-ը։ Հարցվողների թիվը՝ 1123։

Կառույցներից գոհունակություն

Ըստ հետազոտության արդյունքների՝ ամենաբարձր գոհունակությունը վայելող կառույցները ՀՀ Զինված ուժերը և Հայ առաքելական եկեղեցին են, համապատասխանաբար 66․4% և 62.5%: Ոստիկանության հանդեպ բարձր գոհունակությունը 54․6% է, առավել դժգոհ են  Կառավարությունից՝ հարցվողների 39․5%, իսկ Ազգային ժողովից դժգոհ են 50․0%։
Ինչպես նախորդ հետազոտության դեպքում, այս անգամ ևս Հայ առաքելական եկեղեցուց ամենաշատը գոհ են երիտասարդները (Z սերունդը)՝ 82․5%, ինչպես նաև քաղաքաբնակների 67․1%-ը։ Ինչպես Հայ առաքելական եկեղեցուն, այնպես էլ Զինված ուժերին ամենաշատը վստահում են երիտասարդները՝ շուրջ 70%:
Ազգային ժողովից ամենաշատը դժգոհ են 45-60 տարիքային խմբի ներկայացուցիչները, ինչպես նաև ցածր սոցիալական ապահովածությամբ մարդիկ՝ 62․7%:

Քաղաքական հիմնախնդիրներ

Հարցվածների 51․8%-ի կարծիքով, ՀՀ իշխանությունները սխալ արտաքին քաղաքականություն են վարում, իսկ 62․7%-ի կարծիքով՝ սխալ ներքին քաղաքականություն։
ՀՀ արտաքին քաղաքականությունից դժգոհ են ցածր սոցիալական ապահովածությամբ անձինք՝ 68․3%, իսկ ներքին քաղաքականությունից նույն խմբի 75․4%-ը։ Այսինքն, որքան մարդկանց սոցիալական ապահովածությունը ցածր է, այնքան դժգոհությունը մեծ է։

Հետազոտության հարցերից մեկը վերաբերել է Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղությանը։ Հարցվածների 69․2%-ի կարծիքով՝ բանակցությունների միջոցով հնարավոր չէ հասնել Ադրբեջանի հետ երկարատև խաղաղության, իսկ 30․5%-ի կարծիքով՝ հնարավոր է։ Հատկանշանական է, որ Ադրբեջանի հետ խաղաղությանը չի հավատում 18-44 տարեկանների ավելի քան 70%-ը։
Հարց է հնչել նաև Թրամփի միջնորդությամբ խաղաղության հասնելու վերաբերյալ։ Ըստ արդյունքների՝ 65․1%-ի կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի միջնորդությամբ խաղաղության պայմանագիրը չի բերի իրական խաղաղություն, իսկ 33․7 %-ի կարծիքով՝ հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Նոր Սահմանադրությունը անհրաժեշտ են համարել հարցվածների 35․1%-ը։ Հարցվածների 49․0%-ը պատասխանել է, որ կմիանա եկեղեցու կողմից համախմբման կոչին՝ հաշվի առնելով Հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչող քննադատությունները։
Հարց է հնչել նաև բանակի բյուջեի և թվաքանակի կրճատման վերաբերյալ։ 80.2-%-ը դեմ է արտահայտվել Խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում բանակի բյուջեի և թվաքանակի կրճատմանը, իսկ 19․1%-ը՝ կողմ։ Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազայի հեռացմանը, ապա հարցվածների 64.0%-ը բացասական է վերաբերվում Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազայի հեռացմանը, իսկ 32․1%-ը՝ դրական։
Այս հետազոտության ընթացքում ևս հարց է հնչել նախկին իշխանությունների վերադարձի մասին։ Հարցվածների 78․6%-ը բացասական է վերաբերվում նրանց վերադարձին, իսկ 18․3%-ը՝ դրական։
Հարցին՝ ինչպես եք վերաբերվում Ադրբեջանի պահանջով Սահմանադրությունը խաղաղության դիմաց փոխելուն, հարցածների 91․3 %-ը պատասխանել է, որ բացասական է վերաբերվում։ Հարցվածների 48․5%-ի կարծիքով, Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը Հայաստանի ամբողջական ոչնչացումն է, 17․4%-ի կարծիքով՝ խաղաղ հարաբերությունների հաստատումը և տնտեսական համագործակցությունը, 15․0%-ի կարծիքով՝ Հայաստանի անկախության թուլացումը և կախվածության մեջ գցումը, իսկ 13․7%-ի կարծիքով՝ Հայաստանի տարածքի մի մասի բռնազավթումը։

Արտաքին հարաբերություններ

Այս հետազոտությանը ևս հարց է հնչել Հայաստանի ռազմադաշնակցային հարաբերությունների վերաբերյալ։ Հարցվածների 37․8%-ն ասել է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ռազմադաշնակցային հարաբերություններ ձևավորի, 18․3%-ի կարծիքով ԱՄՆ-ի հետ, 17․5%-ի կարծիքով՝ Իրանի հետ, 15․9%-ի կարծիքով՝ Եվրամիության երկրների, իսկ 5․4%-ի կարծիքով՝ Հնդկաստանի հետ։ Այս հարցում Ռուսաստանի հետ ռազմադաշնակցային հարաբերությունները կարևորում են հատկապես գյուղաբնակները՝ 42․8%, ինչպես նաև ցածր սոցիալական ապահովածություն ունեցողների 54․2%-ը։

Սոցիոլոգիական հետազոտության ներկայացմանը մասնակցում էին տարբեր ոլորտների փորձագետներ, որոնք ակտիվ քննարկեցին ստացված արդյունքները, ինչպես նաև նոր առաջարկներ ներկայացրին հետագա ուսումնասիրությունների համար։

Հետազատության արդյունքները կարող եք ներբեռնել այստեղից։