Մեր Առաքելությունը
Հայաստանն անկախացել է 1991-ին, սակայն երկրի ներկա վիճակը դեռ ստվերված է պատմության դառը էջերով։ Մոտ մեկ հազարամյակ առաջ կորցնելով ազգային պետականությունը՝ Հայաստանը աստիճանաբար կորցրել է նաև ազգային ինստիտուտների և կառավարող վերնախավի մեծ մասը։ Այս ընթացքը ի վերջո հանգեցրել է հայոց պատմական հայրենիքի մեծագույն մասի, և բնակչության ահռելի զանգվածի կորստի, որպես արդյունք Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության։
Հայաստանի անկախ հանրապետության ստեղծումը 1991-ին և 1994-ին Արցախյան պատերազմում տարած հաղթանակը պատմության անկումային ընթացքը շրջելու և ազգային վերածննդի կայուն հիմք ստեղծելու եզակի հնարավորութուն բացեցին։ Աշխարհով սփռված հայությունը վերջապես հնարավորություն ստացավ կառուցել մրցունակ, զարգացած և մարդակենտրոն պետություն՝ պատմական հայրենիքի պահպանված մասում։ Սակայն նորանկախ պետության ամրապնդումն ու հարատևությունն ապահովելու ճանապարհին Հայաստանը բախվում է մի շարք կրիտիկական մարտահրավերների, և հենց դա է ի վերջո հանգեցրել ցավալի կորուստների վերջին շրջանում։
«Արար» հիմնադրամի ստեղծման նպատակն է հասցեագրել այս մարտահրավերները, և գործընկերների ու համագործակցային լայն շրջանակի օժանդակությամբ, մշակել և իրականացնել իրատեսական, բայց միաժամանակ հավակնոտ լուծումներ, որոնք կօգնեն ուժեղացնել ժամանակակից Հայաստանը։ Դարերի ընթացքում կուտակված այդ մարտահրավերների հասցեագրումը մեծ համբերություն, նորարար մոտեցումներ և հետևողականություն է պահանջելու՝ գործելով քաղաքական շրջափուլերից դուրս։
Անվտանգության ապահովում
Հաստատուն քայլերով ամրացնել պետության ողջ անվտանգության համակարգը, արդիականացնել բանակը, բնակչությանը մոբիլիզացնել պետության և հասարակության անվտանգության խնդիրների շուրջ՝ դիմագրավելու և կանխարգելելու առկա արտաքին սպառնալիքները։
Մշակութային վերափոխում
Թոթափել նվաճողների լծի տակ ձևավորված արժեքային բարդույթները, ձերբազատվել անհատապաշտության և սպառողականության արմատացած մտածելակերպից՝ ձևավորելով պետականակենտրոն, անհատի գիտակցված ազատության, ստեղծարար ոգու և քրիստոնեական իդեալների վրա հիմնված արժեհամակարգ։
Պետական ինստիտուտների արդիականացում
Կառուցել կոմպակտ և արդյունավետ պետական համակարգ, որն ի զորու է մշակել և իրագործել երկրի մարտահրավերները դիմագրավելու ճկուն լուծումներ, ապահովել իրավունքի գերկայություն ու կառավարման բարենպաստ ներքին միջավայր:
Մրցունակ կրթական համակարգի կառուցում
Վերականգնել կրթության առաջնայնությունը, ստեղծել տարածաշրջանում առաջատար, մրցունակ կրթական համակարգ, կրթական գործընթացի միջոցով դաստիարակել ազատ, ստեղծագործ, հայրենասեր և պատասխանատու ապագա քաղաքացիներ։
Մրցունակ տնտեսության կառուցում
Ձևավորել դիվերսիֆիկացված, բարձր արտադրողական և միջազգայնորեն մրցունակ տնտեսական համակարգ, որը կապահովի նյութական բարեկեցություն, սոցիալական համերաշխության և էկոլոգիապես կայուն զարգացման բարձր մակարդակ, արարելու լայն հնարավորություններ կտա ձեռնարկատերերին, մասնագետներին և աշխատավոր լայն խավերին։
Ինտեգրում Սփյուռքի հետ
Ձևավորել Հայաստանի Հանրապետության երկկողմանի տնտեսական, մշակութային, կրթական և քաղաքական հարաբերությունների արդյունավետ համակարգ հայաստանյան հասարակության և Սփյուռքի հայակենտրոն համայնքների միջև` փոխադարձ հզորացման, սիներգետիկ զարգացում ապահովելու, և միասնական արդիական ազգային համակարգ ձևավորելու նպատակով։
Ժողովրդագրական կենսունակության վերականգնում
Ապահովել Հայաստանում բնական ժողովրդագրական աճի և դեպի երկիր գիտակցված հայրենադարձության կայուն տեմպեր`շեշտադրելով կայուն ընտանիքի դերը հասարակական կյանքում, տնտեսական ու հանրային զարգացման նոր հնարավորությունները, և ազգային պետության մեջ հայ անհատի կայացման և զարգացման հրամայականը։
Տարածաշրջանային նշանակության վերականգնում
Տարածաշրջանային բարդ զարգացումների համատեքստում ձևավորել սեփական օրակարգ, ստեղծել գործուն ազդեցության ցանց՝ հաստատված օրակարգի արդյունավետ իրագործման համար, ստանձնել Արևմուտքը, Հյուսիսը և Մերձավոր Արևելքը կապող քաղաքակրթական նշանակալի հանգույցի դերակատարությունը։