Նախաձեռնություններ

«Արար» հիմնադրամի գործունեության մոդելը հետևյալն է․ նախևառաջ ելնելով հիմնադրամի տեսլականի, ռեսուրսների և ազդեցության արդյունավետության հնարավորություններից, դիտարկվում են հայկական պետականության և հայ հասարակության առջև ծառացած մարտահրավերներն ու սահմանվում են թիրախային ոլորտներն ու առանցքային հիմնախնդիրները։ Այնուհետև, ներգրավելով առաջատար լավագույն փորձը կատարվում է համապարփակ հետազոտություն հիմնախնդիրը խորությամբ ուսումնասիրելու և բարելավման հեռանկարները ուրվագծելու համար։ Հիմնվելով հետազոտությունից բխող համակարգային առաջարկությունների և երաշխավորված գործողությունների վրա՝ հիմնադրամը մշակում և իրականացնում է փորձարարական ծրագրեր, որոնց հաջողության դեպքում շահառու խմբերի և կառույցների հետ համագործակցությամբ իրականացվում է ծրագրի ինստիտուցիոնալ ներդնելու գործընթացը։

Մոբիլիզացիոն ծրագիր

2015 թ. «Արար» հիմնադրամը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում զորահավաքային նախագիծ է ձեռնարկել։ Նախագծի նպատակն էր արդիականացնել սահմանանամերձ բնակավայրերի տղամարդկանց մարտական կարողությունները, ինչպես նաև զգոն և պատրաստ դարձնել նրանց՝ սահմանին առաջացած լարվածության դեպքում օժանդակելու Հայկական բանակին: Ելնելով փորձարարական նախագծի հաջողությունից՝ ծրագիրն ընդլայնվել է՝ ներառելով Տավուշի սահմանամերձ բոլոր բնակավայրերը և ընդգրկվել է պետական ծրագրի մեջ: Պահեստազորային ներուժի կոնսոլիդացման և արդիականացման այս մոդելը լիովին արդարացվեց 2016 թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ, երբ զորահավաքներ անցած կամավորները անմիջական աջակցություն են ցույց տվել բանակին: Այս ծրագրի շրջանակներում «Արար» հիմնադրամը, համագործակցելով տեղական իշխանությունների հետ, Տավուշի գյուղերից մեկում հիմնել է նաև ռազմական հմտությունների վերապատրաստում անցած կանանց զորամիավորում։

Զինվորական կրթության խթանում

Համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ` «Արար» հիմնադրամը ռազմական ուսումնական հաստատություններում տարաբնույթ աշխատանքներ է իրականացնում՝ աջակցելով կիրթ, բանիմաց, ժամանակակից տեխնիկական և մարտավարական միջոցներին տիրապետող ՀՀ բանակի կազմի համալրմանը: Մասնավորապես, հիմնադրամի աջակցությամբ վերանայվել և վերամշակվել են Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հումանիտար բլոկի կրթական ծրագրերը, համալսարանն ստացել է նոր ուսումնական տեխնիկա, պատրաստվել է համալսարանի հիմնական մասնաշենքի վերակառուցման ճարտարապետա-կոնստրուկտորական նախագիծը։ Ներկայումս հիմնադրամն իրականացնում է սպայական մասնագիտության գրավչության բարձրացման համալիր ծրագրի մշակում։

Աջակցենք մեր սահմանապահներին​

Արցախյան պատերազմի ակտիվ գործողությունները դադարեցվել են, սակայն պատերազմը դեռ չի ավարտվել: Նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի արդյունքում ՀՀ Զինված Ուժերը ստիպված են պաշտպանել Ադրբեջանի հետ նոր 500 կմ երկարությամբ ձգվող սահման: Նոր առաջնագծի մեծ մասը լեռնային է, և պաշտպանական ենթակառուցվածքները պետք է կառուցվեն զրոյից: Մեր զինվորների առաջնային կարիքը սենդվիչ պանելներից պատրաստված ապաստարաններն էին, որտեղ նրանք կարող էին քնել՝ պաշտպանվելով անձրևից և ձյունից։ Այդ ապաստարանների առաջին խմբաքանակն ուղարկվել է սահման և մոտ ապագայում կտրամադրվի մեկ այլ խմբաքանակ: Դրան զուգահեռ, մենք շարունակում ենք աշխատել ՀՀ Զինված Ուժերի հետ՝ աջակցելով և բավարարելով նոր տեղափոխված զորքերի այլ հրատապ կարիքները:

Բժշկական օգնություն բանակին

ԱՐԱՐ Հիմնադրամն աշխատում է բարելավել ՀՀ զինվորական անձնակազմին մատուցվող առաջնային բժշկական ծառայությունների որակը։ 2020թ․ Արցախյան պատերազմից անմիջապես հետո, ԱՐԱՐ Հիմնադրամը ՀՀ Պաշտպանության Նախարարությանն է տրամադրել անհրաժեշտ բոլոր սարքավորումներով հագեցած շարժական ինտենսիվ թերապիայի 3 կայաններ, որոնք այժմ իրականացնում ենք մարտական հերթապահության ծառայություն առաջնագծի մոտ գտնվող 3 հիվանդանոցում։ Զուգահեռաբար, մենք շարունակում ենք հիվանդանոցներին տրամադրել տարբեր բժշկական սարքավորումներ, սարքեր և կենսական նշանակություն ունեցող փրկարար դեղամիջոցներ։

Սոցիալական նորմերի և արժեքների վերափոխում

«Արար» հիմնադրամը երկրի զարգացման հիմնական մարտահրավեր է համարում հայ հասարակության մշակութային վերափոխման անհրաժեշտությունը: Ներկայումս հիմնադրամն իրականացնում է հետազոտական աշխատանքներ` միտված ներկայիս գերիշխող արժեհամակարգի առաձնահատկությունների և խորքային գործոնների վերհանմանը: Մշակվող ծրագրերն ուղղված են մշակութային բարդույթների թոթափմանը, ծայրահեղ անհատապաշտությունից և կարճատես մտայնությունից ձերբազատմանը, ապագայամետ և բարոյական հասարակական արժեհամակարգի ձևավորմանը:

Ժամանակակից գյուղատնտեսության կառուցում

Ապահովել Հայաստանում բնական ժողովրդագրական աճի և դեպի երկիր գիտակցված հայրենադարձության կայուն տեմպեր`շեշտադրելով կայուն ընտանիքի դերը հասարակական կյանքում, տնտեսական ու հանրային զարգացման նոր հնարավորությունները, և ազգային պետության մեջ հայ անհատի կայացման և զարգացման հրամայականը։ԱՐԱՐ հիմնադրամի հոգաբարձուների ջանքերով և աջակցությամբ, բիզնեսի և պետության միջև արդյունավետ համագործակցության ձեւավորման միջոցով առաջնահերթություն տրվեց գինեգործությանը, որի արդյունքում ոլորտը թռիչքային աճ գրանցեց և հայկական գինիները միջազգային շուկայում մինչ օրս պահպանում են իրենց հեղինակավոր դիրքը