«ԱՐԱՐ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայտ է ներկայացրել՝ մասնակցելու 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Ելնելով վերոնշյալից՝ պարոն Չալաբյանը, իր դիմումի համաձայն, դադարեցրել է լիազորությունները՝ որպես «ԱՐԱՐ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Ավետիք Չալաբյանը «ԱՐԱՐ»-ի համահիմնադիրներից է, և մշտապես աջակցել է հիմնադրամի գործունեությանն իր արժեքավոր գիտելիքով և հարուստ փորձով։ 2014-2019 թվականներին եղել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նախագահը։
Շնորհակալություն ենք հայտնում երկարամյա նվիրված աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին հիմնարար լուծումներ տալու մեր առաքելությունը միասին կյանքի կոչելու համար։
«ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամն անկախ կառույց է։ Մեր գործունեության հիմնական ուղղություններն են պրոֆեսիոնալ հետազոտությունները, համապարփակ անվտանգության ու ռազմարդյունաբերության զարգացումը, ինչպես նաև ռազմամարզական, կրթական և այլ կառույցների հետ աշխատանքը։ Ավելի քան տասը տարվա աշխատանքի ընթացքում մեր հիմնադրամն անքակտելի վստահություն է ձեռք բերել իր նվիրատուների և գործընկերների շրջանում, ինչը, թերևս, ամենակարևորն է մեր գործունեության համար։