Մեր մասին
Մեր պատմությունը
«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 2014 թվականին: Մինչ այդ՝ դեռևս 2006 թվականին, մի խումբ գաղափարակիցներ ստեղծել էին հայաստանակենտրոն թեմաների շուրջ քննարկումների հարթակ, որի առաջնային թեմաներն էին հայկական ինքնությունն արդի դարաշրջանում, Հայաստանի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացումները, Հայաստանում մշակութային վերափոխման հնարավորությունները և այլն։ Ահա այս հարթակից էլ հետագայում ծնվեցին մի շարք նախաձեռնություններ և կազմակերպություններ, այդ թվում՝ «Արար» հիմնադրամը։
Իրականացնելով մի շարք կարևոր ծրագրեր, որոնք նպաստել են Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգի հզորացմանը, «Արար» հիմնադրամը ձեռք է բերել փոխվստահության և շարունակական համագործակցության հիմքեր իր գործընկերների շրջանում։
Մինչև 2023 թվականն իրականացված ծրագրերը վերաբերել են զինվորական կրթության խթանմանը, սահմանամերձ գյուղերում զորահավաքային նախագծերին, բանակում բժշկական ծառայությունների որակի բարելավմանը։ 2016 թվականի Քառօրյա, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմների ժամանակ «Արար» հիմնադրամը շարունակել է ներդնել իր ողջ ներուժը՝ հանուն հայրենիքի անվտանգության ապահովման։
2023 թվականին Արցախի կորստից հետո հիմնադրամը վերսկսել է պրոֆեսիոնալ հետազոտությունները՝ իրականացնելու հանրային կարծիքի ուսումնասիրություն։ Քաջ գիտակցելով Արցախի մասին պատմական հիշողության պահպանման կարևորությունը, առաջնահերթություն տալով հասարակական տրամադրությունների, հասարակական կարծիքի փոփոխության մասնագիտական ուսումնասիրությանը և վերլուծությանը, «Արար» հիմնադրամն ավելի քան 2 տարի է՝ իրականացնում է սոցիոլոգիական հետազոտություններ, ինչպես նաև ոլորտային, նեղ մասնագիտական ուսումնասիրություններ։
«Արար» հիմնադրամն աշխատում է նաև Հայաստանի մի քանի ռազմամարզական կառույցների հետ, ինչպես նաև գործունեություն է ծավալում ռազմարդյունաբերության ոլորտում։
2024 թվականից «Արար» հիմնադրամը սկսել է խորքային ուսումնասիրություն համապարփակ անվտանգության ոլորտում, ինչի արդյունքում, 2025 թվականին հրատարակվեց «Համապարփակ անվտանգություն․ Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գիրքը հետազոտողներ Էդուարդ Աբրահամյանի և Գևորգ Մելիքյանի համահեղինակությամբ։
Այսօր էլ հիմնադրամը շարունակում է ուսումնասիրությունները համապարփակ անվտանգության մի շարք կարևոր բաղադրիչների վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում թեմայի հանրահռչակմանն ուղղված աշխատանքներ։ Մասնավորապես, «Արար» հիմնադրամը նախաձեռնել է զրույցների շարք՝ համապարփակ անվտանգության թեմայով հասարակության հետ հաղորդակցությունն ընդլայնելու նպատակով։ Անվտանգության տարբեր բաղադրիչների վերաբերյալ ոլորտի առաջատար մասնագետների հետ «Արար զրույցները» միտված են հանրությանը փոխանցելու այն գիտակցումը, որ անվտանգ և դիմակայուն հայրենիք ունենալու համար առանցքային նշանակություն ունի յուրաքանչյուրիս ներդրումը։
Մեր առաքելությունը
Մեր տեսլականը
Մեր գործունեության մոդելը
Դիտարկում և սահմանում
Ելնելով հիմնադրամի տեսլականի, ռեսուրսների և ազդեցության արդյունավետության հնարավորություններից՝ դիտարկվում են հայկական պետականության և հայ հասարակության առջև ծառացած մարտահրավերները, այնուհետև, սահմանվում թիրախային ոլորտներն ու առանցքային հիմնախնդիրները։
Ուսումնասիրում և հետազոտում
Ներգրավելով առաջատար լավագույն փորձը՝ իրականացվում են համապարփակ հետազոտություն հիմնախնդիրը խորությամբ ուսումնասիրելու և բարելավման հեռանկարները ուրվագծելու համար։
Մշակում և փորձարկում
Հիմնվելով հետազոտությունից բխող համակարգային առաջարկությունների և երաշխավորված գործողությունների վրա՝ հիմնադրամը մշակում և իրականացնում է փորձարարական ծրագրեր։
Ինստիտուցիոնալացում
Փորձարարական ծրագրերի հաջողության դեպքում, շահառու խմբերի և կառույցների հետ համագործակցությամբ իրականացվում է ծրագրի ինստիտուցիոնալ ներդնելու գործընթացը։
Մեր ռազմավարական առաջնահերթությունները

Անվտանգության ապահովում
Հաստատուն քայլերով ամրացնել պետության ողջ անվտանգության համակարգը, արդիականացնել բանակը, բնակչությանը մոբիլիզացնել պետության և հասարակության անվտանգության խնդիրների շուրջ՝ դիմագրավելու և կանխարգելելու առկա արտաքին սպառնալիքները։

Մշակութային վերափոխում
Թոթափել նվաճողների լծի տակ ձևավորված արժեքային բարդույթները, ձերբազատվել անհատապաշտության և սպառողականության արմատացած մտածելակերպից՝ ձևավորելով պետականակենտրոն, անհատի գիտակցված ազատության, ստեղծարար ոգու և քրիստոնեական իդեալների վրա հիմնված արժեհամակարգ։

Պետական ինստիտուտների արդիականացում
Կառուցել կոմպակտ և արդյունավետ պետական համակարգ, որն ի զորու է մշակել և իրագործել երկրի մարտահրավերները դիմագրավելու ճկուն լուծումներ, ապահովել իրավունքի գերկայություն ու կառավարման բարենպաստ ներքին միջավայր:

Մրցունակ կրթական համակարգի կառուցում
Վերականգնել կրթության առաջնայնությունը, ստեղծել տարածաշրջանում առաջատար, մրցունակ կրթական համակարգ, կրթական գործընթացի միջոցով դաստիարակել ազատ, ստեղծագործ, հայրենասեր և պատասխանատու ապագա քաղաքացիներ։

Մրցունակ տնտեսության կառուցում
Ձևավորել դիվերսիֆիկացված, բարձր արտադրողական և միջազգայնորեն մրցունակ տնտեսական համակարգ, որը կապահովի նյութական բարեկեցություն, սոցիալական համերաշխության և էկոլոգիապես կայուն զարգացման բարձր մակարդակ, արարելու լայն հնարավորություններ կտա ձեռնարկատերերին, մասնագետներին և աշխատավոր լայն խավերին։

Ինտեգրում Սփյուռքի հետ
Ձևավորել Հայաստանի Հանրապետության երկկողմանի տնտեսական, մշակութային, կրթական և քաղաքական հարաբերությունների արդյունավետ համակարգ հայաստանյան հասարակության և Սփյուռքի հայակենտրոն համայնքների միջև` փոխադարձ հզորացման, սիներգետիկ զարգացում ապահովելու, և միասնական արդիական ազգային համակարգ ձևավորելու նպատակով։

Ժողովրդագրական կենսունակության վերականգնում
Ապահովել Հայաստանում բնական ժողովրդագրական աճի և դեպի երկիր գիտակցված հայրենադարձության կայուն տեմպեր`շեշտադրելով կայուն ընտանիքի դերը հասարակական կյանքում, տնտեսական ու հանրային զարգացման նոր հնարավորությունները, և ազգային պետության մեջ հայ անհատի կայացման և զարգացման հրամայականը։

Տարածաշրջանային նշանակության վերականգնում
Տարածաշրջանային բարդ զարգացումների համատեքստում ձևավորել սեփական օրակարգ, ստեղծել գործուն ազդեցության ցանց՝ հաստատված օրակարգի արդյունավետ իրագործման համար, ստանձնել Արևմուտքը, Հյուսիսը և Մերձավոր Արևելքը կապող քաղաքակրթական նշանակալի հանգույցի դերակատարությունը։